14,6 կմ-նոց ճանապարհահատվածի նորոգումն Ախալցխա-Նինոծմինդա մայրուղում կավարտվի հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

14,6 կիլոմետրանոց ճանապարհահատվածի նորոգումն Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմայրուղում կավարտվի հոկտեմբերին, տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։

Նշվում է, որ Ջավախքը աչքի է ընկնում դաժան կլիմայական պայմաններով (առատ ձյուն, ձնաթմբեր եւ սառնամանիքներ), ուստի նորոգման աշխատանքներով զբաղվող ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել նորոգման աշխատանքները։ Հենց որ եղանակը լավացել է, աշխատանքները վերսկսվել են։

Նախագծի շրջանակում նախատեսված է լիովին նորոգել վնասված ճանապարհները, ընդլայնել դրանք, նորոգել երեք երկաթբետոնե կամուրջներն ու ջրատար խողովակները։ Նախատեսված է նաեւ տեղադրել ճանապարհային նշաններ։

Վրաստանի ավտոճանապարհների վարչության տվյալներով՝ այս տեղամասը անցնում է Գորելովկա, Ժդանով գյուղերի միջով եւ ավարտվում վրաց-հայկական սահմանին։

Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից, եւ դրա արժեքն է ավելի քան 13,8 մլն լարի (ավելի քան 5,1 մլն դոլար)։

Նորոգման աշխատանքներն սկսվել են 2018 թվականի հուլիսին։ Այդ ժամանակվանից երկու կիլոմետրանոց հատվածում արդեն ասֆալտ է փռվել, երկու կիլոմետրում հողային աշխատանքներ են կատարվել։

Այս տարի պատրաստ կլինի նաեւ Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի հետ սահմանին) միջազգային նշանակության ավտոմայրուղու հինգ կիլոմետրանոց (91-97 կիլոմետր) հատվածի նորոգման նախագիծը։

Այն բանից հետո, երբ ավտոմայրուղու երկու հատվածն էլ կնորոգվեն, Ախալցխայից Հայաստան երթեւեկությունն ավելի հարմարավետ ու անվտանգ կդառնա, նշում է վարչությունը։

Այս պահին Սամցխե-Ջավախք տարածաշրջանում նորոգման աշխատանքները վարվում են տասը նախագծի շրջանակում։ Նորոգվում եւ կառուցվում են չորս կամուրջ եւ 41.1 կիլոմետր ճանապարհ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 32,8 մլն լարի (ավելի քան 12,2 մլն դոլար)։

2019-ին Սամցխե-Ջավախքում նախատեսված է սկսել յոթ ճանապարհային նախագիծ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 37,3 կիլոմետր։ Նախագծերի ենթադրվող արժեքը կկազմի ավելի քան 36,2 մլն լարի (ավելի քան 13,4 մլն դոլար)։

2019-ին կավարտվի հինգ նախագիծ, եւս երկուսը՝ 2020-ին։ Նախատեսված են նաեւ երկու կանխիչ նախագծեր՝ ավելի քան 1,4 մլն լարի (520,4 հազար դոլար) արժեքով, մեկ ափն ամրացնող նախագիծ ՝ (500 հազար լարի կամ ավելի քան 185,8 հազար դոլար) եւ պարբերական նորոգման աշխատանքներ հինգ տարբեր օբյեկտներում, որոնք ունեն 50 կիլոմետր երկարություն, եւ որի արժեքն է 13,5 մլն լարի (5 մլն դոլար)։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս