Տիգրան Բալայանն ընտրվել է Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 9, 24News

Տիգրան Բալայան

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 8-ին Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընտրվել է Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի (ՖԴԽ) նախագահ` փոխարինելով Մարոկկոյի դեսպանին։

«Շնորհակալություն հայտնելով գործընկերներին վստահության համար՝ դեսպան Բալայանը խորհրդանշական համարեց, որ ՖԴԽ ղեկավարումը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում։ Տիգրան Բալայանը վստահեցրեց գործընկերներին, որ առավելագույն ջանքերը կներդնի Հաագայում գործող միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործումն ընդլայնելու ու ֆրանկոֆոն արժեքները խթանելու, Նիդեռլանդներում ֆրանկոֆոնիայի գաղափարները տարածելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: