Գարեգին Բ-ն կդառնա ավելի կառավարելի. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

քաղաքական

«Հրապարակ» թերթը գրում է. «2018 թ․ փետրվարի 19-ին Էջմիածնում աղմկոտ միջադեպ էր տեղի ունեցել՝ կաթողիկոսի եղբորորդու մասնակցությամբ։ Մամուլը գրեց, որ Գարեգին Բ-ի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, իր թիմակիցների միջոցով փորձել է առևանգել և ծեծի է ենթարկել Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանին։

Պատճառը եղել է 3 միլիոն դրամից ավելի գումարը, որը, ըստ մասնակիցների, յուրացվել է Մխիթարյանի կողմից՝ կաթողիկոսի եղբորորդուն պատկանող գազալցակայանից։ Մամուլի բարձրացրած աղմուկի արդյունքում քրեական գործ հարուցվեց՝ ՔՕ 322՝ ինքնիրավչություն հոդվածով, որը հետագայում կարճվեց։

Երեկ տեղեկացանք, որ իշխանությունները վերաբացել են այս գործը, և այժմ մեծ թափով քննություն է գնում, ու հայտնի չէ, թե ինչով կավարտվի այն։ Ակնհայտ է, որ այս քննությունը կաշկանդելու է Գարեգին Բ-ի գործողությունները և նրան դարձնելու է էլ ավելի կառավարելի»: