Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան կբացվի․ Լաքոտի գրառումը՝ Ժակ Շիրակի մասին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Լաքոտ

Շնորհակալ եմ հայերին, որոնք, հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց զորակցությունը հայտնեցին մեզ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:  Գրառումը՝ ստորև․

«Նրանցից յուրաքանչյուրը ողջունեց Ժակ Շիրակին որպես պետական գործչի, Հայաստանի բարեկամի եւ աննկուն աջակցի:

Նախագահ Շիրակի օրոք՝ 2001 թվականի հունվարի 29-ին ընդունվեց 2001-70 օրենքը, համաձայն որի միակ հոդվածի « Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը», դրանով իսկ Ֆրանսիան դարձնելով աշխարհում առաջին պետությունը, որը հայերի ցեղասպանությունը ճանաչեց օրենսդրական ուժ ունեցող ակտով:

Հայաստանում լավ են հիշում, որ Ժակ Շիրակը Ֆրանսիայի Հանրապետության առաջին նախագահն էր, ով 2006-ին պետական այց կատարեց Հայաստան: Շատերն ինձ հետ կիսվում են, անշուշտ հայերի ընդունելությունից հուզված Նախագահի՝ յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերած ուշադրության եւ յուրաքանչյուրին ականջալուր լինելու մասին իրենց հիշողություններով:

Նախագահ Շիրակի նախաձեռնությամբ է, որ 2007 թվականին Ֆրանսիայում մեկնարկեց «Հայաստան, իմ բարեկամ» հայկական մշակույթի տարին:

Հնագույն լեզուների եւ քաղաքակրթությունների մեծ գիտակ Ժակ Շիրակը չէր կարող պարզապես անտարբեր մնալ հայկական մշակույթի, նրա ինքնության եւ հիշատակի պահպանման հանդեպ:

Ուրբաթ՝ սեպտեմբերի 27-ին, և երկուշաբթի՝ սեպտեմբերի 30 -ին՝ ժամը 15 :00-ից 17:00-ը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան կբացվի»: