Ապօրինի ձկնորսության զոհ են դառնում նաև ջրլող թռչունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

որս

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մաթևոսյանն իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ապօրինի ձկնորսության զոհ են դառնում նաև ջրլող թռչունները։ Այդ մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։

«Այսօր, վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ֆեյսբուքյան օգտատեր՝ Տիգրան Մաթևոսյանի «Սրա դեմ առնելու համար...» գրառման հետքերով այցելել են ՀՀ Արարատի մարզի Արմաշ գյուղ, որտեղ դրենաժային ջրերում հայտնաբերել են տիրազուրկ ձկնորսական ցանց։ Ցանցում առկա 3 մանրաձուկը և կրիայի 1 ձագը, վերադարձվել են բնական միջավայր։ Ձկնորսական ցանցն առգրավված է՝ հետագա ոչնչացման նպատակով։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում այլ ձկնորսական ցանցեր չեն հայտնաբերել։

Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերմանն ուղղված հետևողական պայքարը շարունակվում է»,-նշված է կայքէջում։