Ձեզ մոտ շատ հարմարավետ է․ Էրմիտաժի տնօրենն այցելել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ԱՍ

ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի Միխայիլ Պիոտրովսկին այսօր այցելել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան:

Մ. Պիոտրովսկու համար ճանաչողական շրջայց է կազմակերպվել նաև թանգարանի գլխավոր ցուցասրահում:

Այցելուների տպավորությունների մատյանում հյուրը հետևյալ գրառումն է արել.

«Խորին շնորհակալություն հայ մշակույթի Արարատի՝ Աբովյանի մասին հիշողությունը պահպանելու համար: Թանգարանը հրաշալի ներկայացնում է համաշխարհային մշակույթը ընկալելու և իրենը դարձնելու հայերի պատրաստակամությունը: Ձեզ մոտ շատ հարմարավետ է»:

Հանդիպման ավարտին Մ. Պիոտրովսկին Աբովյանների տոհմատան պատշգամբում թեյի սեղանի շուրջ զրուցել է թանգարանի աշխատակիցների հետ: Թանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանը պատվավոր հյուրին է նվիրել Խ. Աբովյանի՝ Վ. Ժուկովսկուն գրած նամակի կրկնօրինակը: