18-ամյա տղան տեսնելով ոստիկաններին, ձեռքից նետել է թմրանյութը, բայց արդեն ուշ էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

.

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներն ու Կենտրոնականի համայնքային ոստիկանները համատեղ ծառայություն իրականացնելիս հոկտեմբերի 23-ի կեսգիշերին Հանրապետության հրապարակից, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Ավանի 14-րդ փողոցի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի, որը ձեռքից ինչ-որ իր է նետել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ կանեփանման զանգվածի մոխրացած հետքերով: Տղան հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ իր օգտագործման համար:

Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է փորձաքննություն:

Նույն օրը, ժամը 22-ին, Կենտրոնականի քրեական հետախույզներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկելու նպատակով Թբիլիսյան խճուղու 1-ին նրբանցքում մոտեցել են Տիգրանյան փողոցի բնակիչ 32-ամյա մի տղամարդու, որը ձեռքից նետել է կաթուցիչ եւ պոլիէթիլենային փաթեթ:

Նրա ներկայությամբ դեպքի վայրից հայտնաբերվել են կաթուցիչը՝ պատերին մոխրացած զանգվածով եւ պոլիէթիլենային փաթեթը, որի մեջ մետամֆետամին տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված էր:

Նա բերման է ենթարկվել:

Երկու ժամ անց, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել նաեւ տղամարդուն տաքսի ծառայություն մատուցած աբովյանցի 31-ամյա վարորդը՝ իր վարած «Մերսեդեսով»:

Նրա մոտ հայտնաբերվել են լուսամփոփի կոտրած բեկորներ՝ սեւ եւ սպիտակ գույնի հետքերով: Նա հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, դրա միջոցով օգտագործել է թմրանյութ:

Նշանակվել է փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: