Ցուցարարները Լիբանանում 171 կմ երկարությամբ կենդանի շղթա են կազմել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

Լիբանանում շարունակվող  հակակառավարական ցույցերի ընթացքում ակցիայի մասնակիցները, միմյանց ձեռք բռնելով, կենդանի շղթա են կազմել, որի երկարությունը հասել է 171 կմ-ի, ձգվելով հյուսիսից հարավ:

ոստիկանություն

Հակակառավարական ցույցերն արդեն 11 օր է շարունակվում են։ Ցուցարարները քաղաքական գործիչներին մեղադրում են կոռուպցիայի և տնտեսության քայքայման մեջ: Բազմամարդ բողոքի ակցիաներ Լիբանանում տեղի չէին ունեցել 1975-1990 թթ․ քաղաքացիական պատերազմի ժամանակներից ի վեր:

Ավտոճանապարհների երթևեկությունն ամբողջովին փակ է, բանկերը մեկ շաբաթից ավելի է չեն աշխատում, փակ են նաև դպրոցներն ու մի շարք կազմակերպություններ։   

Լիբանանի կառավարությունը հայտարարել է շտապ բարեփոխումների փաթեթի մասին, սակայն ցուցարարները ճնշումներն իշխանության նկատմամբ չեն թուլացրել։   

Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթք է հնչեցրել Լիբանանում ակցիային մասնակից երիտասարդների համար և կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ օգնություն ցուցաբերել Լիբանանին, որպեսզի բնակչության բոլոր շերտերն ու կրոնական խմբերը հաշտ ու համերաշխ ապրեն: