ՊԵԿ-ն ունի էլեկտրոնային փականներ. Անանյանը՝ Իրանի, Վրաստանի սահմանային հսկողության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Անանայան

Վրաստանի և Իրանի հետ ստորագրված արձանագրությունները սահմանային հսկողությունը դյուրացնելու մասին է։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Վրաստանի և Իրանի միջև ստորագրված համաձայնագրերին։

«Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Հայաստանից բեռներ են տեղափոխվում Վրաստան կամ Իրան, կամ հակառակը՝ Վրաստանից կամ Իրանից է տեղափոխվում ՀՀ, մաքսային մարմնի մոտ տեղեկատվություն է գեներացվում ապրանքի կամ տրանսպորտային միջոցի վերաբերյալ, մինչև ապրանքի կամ տրանսպորտային միջոցի՝ ՀՀ սահմանը կամ ներմուծվող երկրի սահմանը հատելը տեղեկությունը փոխանցվում է պայմանավորվող պետության մաքսային մարմնին։ Մի երկրի մաքսային մարմինը բեռի վերաբերյալ նախնական տեղեկատվությունն ունենալուն պես անմիջապես ուղարկում է մյուս երկրի մաքսային մարմնին, որ սահմանային հսկողությունն ավելի դյուրացվի»,-նշել է ՊԵԿ նախագահը։

Դավիթ Անանյանը նաև ասել է, որ նմանատիպ ծառայություն կար, բայց դա ընդամենը գերատեսչությունների մակարդակով փոխհամագործակցություն էր։

«Այն, ինչ ստորագրվեց այսօր, դա տարիներ առաջ երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրի գործողությունների շրջանակներում էր։ Սա լինելու է միջպետական համագործակություն և իրավական պարտականություն երկու երկրների միջև։ Եվ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվության փոխանակման մասին է խոսքը, և այստեղ թե՛ մաքսանենգության դեմ առումով կլինի ավելի արդյունավետ գործողություն, թե՛ ուղղակի մաքսային հսկողության, բեռների դասակարգման առումով ավելի արդյունավետ կլինի», ասել է ՊԵԿ նախագահի, ապա հավելել, որ թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ ստորագրված համաձայնագրերը նույնաբովանդակ են։

Դավիթ Անանյանը նաև նշել է, որ վրացի գործընկերների հետ ստորագրել են էլեկտրոնային փականների կամ էլեկտրոնային կնքիների կիրառման մասին մտադրությունների հուշագիր։

«Կան էլեկտրոնային փականներ, որ ՊԵԿ-ն այսօր ունի։ Դրանք դրվում են բեռների վրա, և  էլեկտրոնային եղանակով բեռների հետագծելիությունը ուսումնասիրվում է թե՛ վրացի գործընկերների, թե՛ ՊԵԿ-ի կողմից՝ առանց բեռների ֆիզիկական հսկողության»,-ասել է Դավիթ Անանյանը։