«Որպես անձ չի ստուգվել»․ ԱԽ քարտուղարը՝ ադրբեջանցի բլոգերի հետ կապված միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

բլոգեր

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում ադրբեջանցի բլոգեր ներկայացած Աթա Աբդուլաևի մուտք գործելու թեմային, ԶԼՄ-ներին հայտնել է, որ այդ հանդիպումը բաց հանդիպում էր, հայերն էին ծրագրել, բայց այնպես չէ, որ միայն հայերը կարող էին մուտք գործել:

«Անվտանգության տեսանկյունից բնականաբար ստուգումներ եղել են, բայց որպես անձ չի ստուգվել»,-ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Դիտարկմանը, թե գուցե նման միջադեպ չլիներ, եթե Գրիգորի Հայրապետովը ազատված չլիներ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից, Արմեն Գրիգորյանն ասել է. «Միջադեպը դրա հետ կապ չունի, անվտանգության ծառայությունները, մեր ինստիտուցիոնալ կարողություններն անձերի վրա հիմնված չեն: Պարոն Հայրապետովի հեռացման մասին ինչ ասվել է հրապարակային, դրանից ավել ոչինչ չգիտեմ»,-ասել է Արմեն Գրիգորյանը, ապա նշել, որ ադրբեջանցի բլոգերի արածը պրովոկացիա էր:

«Հրապարակային պրովոկացիայի ևս մեկ փորձ, նման պրովոկացիաներն արդեն պարբերաբար են դառնում, կարելի է ասել` Հայաստանի հանրապետության բոլոր պատվիրակությունների հետ՝ տարբեր միջազգային հարթակներում»,-ասել է նա:

Նշենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը միջադեպ է տեղի ունեցել: Եկեղեցի է մտել ադրբեջանցի մի բլոգեր, ով հայտարարել է, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրել է դադարեցնել պատերազմը և «վերադարձնել իրենց հողերը»: