ՀՅԴ երիտասարդները ԿԳՄՍ նախարարին Բրյուսելում դիմավորել են «Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Արայիկ

ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը «Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով բողոքի ակցիա է իրականացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության ֆեյբուքյան էջից, որում նաև տեսանյութ է հրապարակվել։

Դիմելով Արայիկ Հարությունյանին՝ երիտասարդներն ասել են, որ պահանջում են նախարարի հրաժարականը, ի պատասխան նախարարը հիշեցրել է․ «Ամենամեծ կոռուպցիան կրթական համակարգում եղել է Ձեր նախարարի օրոք»։

Անդրադառնալով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման խնդրին՝ նախարարը ցուցարարներին ասել է․ «Դուք մեր քույրերն ու եղբայրներն եք, բայց ճիշտ կողմնորոշվեք, քանի որ ձեզ ապատեղակացնում են»։

ՀՅԴ երիտասարդներից մեկը հավելել է․ «Միայն մեկ բան գիտցի՛ր, Դաշնակցությունը ներսը և դուրսը մեկ է, դուք տարբերություն կդնեք, ինչպես հայաստանցի-սփյուռքահայ»։  

Հրապարակված տեսանյութին կից ֆեյսբուքյան էջում նաև գրառում կա․ «Այս առաւօտ Պրիւքսէլի մէջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անգամ մը եւս յիշեցուցինք որ կայ միայն մէկ Դաշնակցութիւն, եւ պահանջեցինք որ դադրեցնէ Հայոց լեզուի եւ պատմութեան ուսուցման դեմ պայքարը եւ պատիւով հրաժարի»։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության և մշակույթի նախարարի հրավերով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության շրջանակում կայանալիք Արևելյան գործընկերության կրթության հարցերով նախարարական հանդիպմանը: