Փաշինյանը սև ու սպիտակի պայքարում մնացել է միայնակ․ Դավիթ Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Այսօր Լուսավոր Հայաստանը հայտարարեց իր դիրքորոշումը, նշելով, որ այս գործընթացը անօրինական է, իսկ քաղաքագիտական լեզվով ասած` ոչ լեգիտիմ: Այդպիսի դիրքորոշումներ են հնչում նաև այլ քաղաքական ուժերի կողմից, ինչը հիմք է տալիս կարծելու, որ իշխանությունները մնալու են առանց մրցակցի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

խաժակյան

««Սև ու սպիտակի» շարժիչը առանց սնուցման

Իշխանափոխությունից հետո քաղաքական գործընթացներում իշխանության Ջոկերը եղել է նախկին իշխանությունների հիշատակումը: Այդ հնարքին իշխանությունները դիմում են ամեն անգամ, երբ ընդդիմության հետ բանավեճերում բովանդակային առումով տանուլ են տալիս եւ միակ ելքը մնում է նախկինի ֆոնին «ավելի լավը» երեւալը:

Բարդ հաղթահարելի շեմով այս հանրաքվեն ունի հաջողելու մեկ բանաձև` սև ու սպիտակի բաժանման բանաձևը, որը ատելության խոսքի շաղախումով պետք է ինտրիգ ստեղծի թեմայի շուրջ և ապահովի անհրաժեշտ մասնակցությունը:
Փաշինյանը հակապետական էր հռչակել այն ուժերին, որոնք կփորձեին հակառակվել այս գործընթացին: Այս առիթով նրան կարելի է «շնորհավորել» այն ժամանակ, երբ պարզվի, որ ոչ մի ուժ չունի ցանկություն «հակապետական ճանաչվելու», իսկ Փաշինյանը սև ու սպիտակի պայքարում մնացել է միայնակ:

«Զոռբայությամբ» անցկացրած և ընդդիմության օրինական ճանապարհի առաջարկը անտեսած հանրաքվեն կդառնա այն բարձրացված ծանրաձողը, որի ծանրության տակ կմնա իշխող ուժը` իր ցավալի ազդեցությունը թողնելով մեր պետության վրա»: