Հանրային փակ տարածքներում և սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի. օրինագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

հասարակական

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում։ Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 13-ի նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, հանվել է կիսափակ հասկացությունը, այսինքն՝ նախագծով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում: Սակայն դրույթ է ավելացվել, որով հանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգելվի ծխախոտի օգտագործումը: Օրենքի նախագծով սահմանված են տուգանքներ արգելված վայրերում ծխելու համար:

Նախագիծն ընդունվեց 76 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ ձայներով: