ԱՀԿ տնօրենը կոչ է արել մեղմացնել զարգացող երկրների ֆինանսական պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

թեո

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը COVID-19-ի վերաբերյալ լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ կոչ է արել Համաշխարհային բանկին ու Արտարժույթի միջազգային հիմնադրամին մեղմացնել զարգացող երկրների ֆինանսկան պարտավորությունները:

«Մտնում ենք կորոնավիրուսի պանդեմիայի 4-րդ ամիս, ու ես շատ մտահոգված եմ վարակի նոր դեպքերի ավելի ու ավելի արագ աճող  թվերով և համաշխարհային տարածվածությամբ։ 

Վերջին 5 շաբաթվա ընթացքում ականատեսը եղանք, թե ինչքան կտրուկ է աճել նոր դեպքերի թիվը, ու ինչպես վարակը ներթափանցեց աշխարհի գրեթե բոլոր երկրներ։ 
Անցած շաբաթվա ընթացքում մահացածների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Մոտակա օրերին մենք կունենանք մեկ միլիոն հաստատված դեպք ու 50 000 մահ։ 

Շատ երկրներում իշխանությունը խնդրում է մարդկանց մնալ տանը ու նվազեցնում է մարդկանց տեղաշարժը, ինչը կարող է օգնել կանխելու վիրուսի տարածումը, սակայն կարող է ունենալ նաև հետևանքներ ամենաաղքատ ու խոցելի մարդկանց կյանքի վրա։ 
Կոչ ենք անում կառավարություններին ձեռնարկել սոցիալական միջոցներ, որոնք կերաշխավորեն, որ ճգնաժամի ժամանակ մարդկանց խոցելի խմբերն ապահովված են սննդով և կենսական անհրաժեշտության այլ իրերով։ 

Շատ զարգացող երկրների համար այս սոցիալական փաթեթների իրականացումը դժվար կլինի։ Ու այս երկրների համար պարտքերի մեղմացումն ունի կենսական նշանակություն, որպեսզի նրանք կարողանան իրականացնել այս ծրագրերը։ 

Ուստի ԱՀԿ-ն, Համաշխարհային բանկն ու Արտարժույթի միջազգային հիմնադրամը կոչ են անում մեղմացնել զարգացող երկրների ֆինանսկան պարտավորությունները։ 
3 ամիս առաջ մենք գրեթե ոչինչ չգիտեինք վիրուսի մասին։ Համատեղ ջանքերով մենք հավաքեցինք գիտելիքների մեծ պաշար, ու ամեն օր մենք իմանում ենք ավելին։ 

ԱՀԿ-ն մշակում է իր ուղեցույցները՝ հիմնվելով ամբողջ աշխարհից ամեն օր ստացվող տեղեկատվության վրա։ Ամեն օր մեր աշխատակիցները զրուցում են աշխարհի փորձագետների ու մասնագետների հետ՝ հավաքելու ու մշակելու նոր տեղեկություններ ու փաստեր։  

Մենք նաև հավաքում ենք տեղեկություններ, թե որ բուժումը, որ դեղամիջոցներն են արդյունավետ կորոնավիրուսի բուժման համար։ Աշխարհի մասնագետներն աննախադեպ արձագանքեցին մեր՝ Միասնական փորձարկումների կոչին, որի նպատակն է համեմատել 4 դեղամիջոցների ու դեղամիջոցների համակցության ազդեցությունը։ 

Այս պահի դրությամբ ավելի քան 200 հիվանդ մասնակցում է այս ծրագրին։ Յուրաքանչյուր նոր հիվանդ, ով միանում է այս փորձարկումներին, մեկ քայլով մեզ մոտեցնում է այն հարցի պատասխանին, թե որ դեղամիջոցն է արդյունավետ։

Պանդեմիայի ի հայտ գալուն զուգահեռ ի հայտ են գալիս նաև նոր փաստեր»։

Առավել մանրամասն՝ infocom.am-ում: