Իտալիայում մայիսից կսկսեն գործել թանգարաններն ու տեսարժան վայրերը. La Repubblica

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

իտալիա

Իտալիայում կվերսկսվեն թանգարանների և երկրի գլխավոր տեսարժան վայրերի աշխատանքը, որոնք սահմանափակվել էին կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին La Repubblica-ին տված հարցազրույցում հայտնել է մշակույթի և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին:

«Մայիսից  բաց կլինեն այն թանգարաններն ու հնագիտական հուշարձանները, որոնք համապատասխանում են անվտանգության պահանջներին»,- պարզաբանել է նա: Ֆրանչեսկինին տեսարժան վայրերից, որոնք, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կստանան վերսկսել աշխատանքը, նշել է նաև Կոլիզեումն ու Պոմպեյը:

Բացման հարցում ամենամեծ դժվարություններին կբախվեն թատրոնները, կինոդահլիճները և սահմանափակ տարածություն ունեցող մշակույթային այլ հաստատությունները. «Բայց մենք վստահեցնում ենք՝ ոչ մի թատրոն, կինոթատրոն, արտիստ չի մոռացվի. հատուկ հիմնադրամներ կհատկացնենք նրանց աջակցելու համար»:

Նշենք, որ իտալական բոլոր թանգարանները, ճարտարապետական հուշարձանները, ցուցահանդեսները, մշակույթի և ժամանցի հաստատությունները մարտի 8-ից փակ են՝ COVID-19-ով պայմանավորված: Իտալիայի իշխանությունների սահմանած կարանտինային ռեժիմն ավարտվում է մայիսի 3-ին. դրա երկարաձգման մասին դեռ չի հաղորդվել:

Իտալիան կորոնավիրուսից մահացածների և հիվանդացածների թվով աշխարհում առաջատարներից մեկն է: Զոհերի թվով երկիրը ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է (26 384 մարդ), իսկ վարակման դեպքերի քանակով՝ երրորդում (195 351)՝ զիջելով միայն Նահանգներին (936 616) և Իսպանիային (223 759):