«Լա Սկալա» թատրոնը կբացվի սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News       

Լա Սկալա

«Լա Սկալա» թատրոնը պատրաստվում է բացվել սեպտեմբերին, սակայն հստակ օրը դեռ չի որոշվել: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է իտալական Corriere della Sera-ն։

Արդեն ընտրվել են ստեղծագործությունները, որոնք կհնչեն բացմանը․ Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» (մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար) և Լյուդվիգ վան Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան:

Հստակեցվում է, որ առաջին ստեղծագործությունը կնվիրվի կորոնավիրուսից մահացածների հիշատակին, իսկ երկրորդը՝ կխորհրդանշի հիվանդության դեմ հաղթանակը: Վերջին ընտրությունը պատահական չէ, քանի որ սիմֆոնիայի 4-րդ մասը՝ «Ձոն ուրախության», դարձել է Եվրամիության հիմնը:

Համերգներ են ծրագրվում նաև Բերգամո և Բրեշիա քաղաքներում, որոնք համավարակից ամենից շատ տուժած քաղաքներն են Իտալիայում:

Լա Սկալան հայտնի օպերային թատրոն է Միլանում, համաշխարհային օպերային կենտրոններից է, հիմնվել է 1778 թվականին:

19-րդ դարի 30-ականներից սկսած՝ Լա Սկալայի պատմությունը սերտաճում է իտալացի մեծանուն երաժիշտներ Գաետանո Դոնիցետտիի, Վինչենցո Բելլինիի, Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի հետ: