Գևորգ Լոռեցյանը ևս երկու ամսով կմնա կալանավորված․ դատարանը մերժել է բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

իրավական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։

Պաշտպանը նշեց, որ իրենք դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ քրեական դատարան, սակայն նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյանը որոշումը թողել է անփոփոխ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են, ավելի ուշ՝ կալանավորվել։

ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսավարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Անի Հարությունյան