Ալիևը թքած ունի իր ժողովրդի վրա․ նա պատրաստ է ցանկացածին զոհել իշխանությունը պահելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ադրբեջանի իշխանությունը հստակ ահաբեկչություն է իրականացնում Արցախի բնակչության նկատմամբ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ երկիրը ոչ միայն պատրաստ չէ խաղաղության, այլ նաև միտված է բնաջնջելու Արցախում բնակվող մեր հայրենակիցներին։ Իսկ մենք դա երբեք թույլ չենք տալու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը։ 

Պատգամավորը հիշեցրել է, որ դեռևս տավուշյան իրադաձությունների ժամանակ Թուրքիան ցույց է տվել իր ագրեսիան։ Որ Թուրքիան որոշակի ներգրավվածություն ունի այս ամենում, Հայրապետյանը չի կասկածում և ընդգծում է, որ դա արձանագրում են նաև պաշտոնյաները։

«Այստեղ կարևոր քարոզչական բաղադրիչ կա թուրքական ներգրավվածության վերաբերյալ։ Ադրբեջանը ցանկանում է ստեղծել տպավորություն, որ ինքը մենակ չէ, և Թուրքիան իր կողքին է։ Ադրբեջանն ապացուցում է՝ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունն է առաջ տանում»,- ասել է նա։

Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին քննարկումներին՝ պատգամավորը նշել է, որ աշխարհը պատրաստ չէ այս պահին ճանաչել Արցախի անկախությունը։
«Միայն մեր քայլն արդյո՞ք կբերի շղթայական ճանաչման։ Չեմ կարող ասել, ես նման միտումներ այս պահին չեմ տեսնում։ Գուցե երկու-երեք օր հետո կտեսնենք։ Պետք է հասկանանք՝ ինչի ենք մենք հասնելու։ Կարծում եմ, որ այստեղ որոշակի ռիսկեր կան»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ