Ղարաբաղում հայերը գերեզմաններ չեն ոչնչացրել, ավելին, վերջերս մզկիթ է վերանորոգվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե իբր հայերը գերեզմաններ ու մզկիթներ են ոչնչացրել:

«Գերեզմաններ չեն ոչնչացվել: Վերջերս Լեռնային Ղարաբաղում ամենաբարձր ժամանակակից տեխնոլոգիաներով Շուշիում մզկիթ վերանորոգվեց: Եվ մզկիթները Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պահում են առանձնահատուկ ուշադրության ներքո: Եվ եթե Դուք գնաք Շուշի, կտեսնեք վերականգնված հոյակերտ մզկիթ, եթե, իհարկե, ադրբեջանցիները այն չեն հրթիռակոծել: Ինչո՞ւ եմ այսպես ասում: Որովհետև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ հայկական եկեղեցին, թիրախային հրթիռային հարվածների արժանացավ և հիմա կիսավեր վիճակում է»,- պատասխանել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նշել է՝ Շուշիի մզկիթը վերականգնվել է շիա հոգևորականների և մասնագետների հսկողության ներքո, և չէր կարող ուղղակի այլ կերպ լինել:

«Այսինքն՝ մուսուլման հոգևորականների, աստվածաբանների և մասնագետների հսկողության ներքո է այն վերականգնվել, նրանց խորհուրդներով և նրանց նախագծերով է վերականգնվել»,- ասել է նա:

Ճշտող հարցին՝ ադրբեջանցինե՞ր են եղել, Փաշինյանը պատասխանել է.

«Էլի եմ ասում՝ այդ ամենը տեղի է ունեցել մասնագետների հսկողության ներքո: Այդ մասնագետները Հայաստանից և Ղարաբաղից չեն եղել, նրանք եղել են արտերկրից: Ես չեմ կարող ասել, որ ադրբեջանցիներ են եղել: Բայց, որքան գիտեմ - իմ գիտելիքները շատ մեծ չեն այդ բնագավառում, ցավոք - դա շիա ուղղության մզկիթ է, և շիա հոգևորականներ և մասնագետներ են, ովքեր մեր բարերարներին ուղղորդել են՝ մասնագետներ ներգրավվել և այդ վերականգնումն իրականացնել»:

--00--ԱԹ