Ի՞նչ է անում ԱԳՆ-ն Ադրբեջանին անցած տարածքներում հուշարձանները վանդալիզմից փրկելու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ագն

Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը գտնվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում:

Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ գործողություններ է ձեռնարկում նախարարությունը Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական հուշարձանները վանդալիզմից փրկելու համար:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ զինադադարի հաստատումից հետո, այլ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ, անհետաձգելի հարցերից մեկն է դարձել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանումը, վանդալիզմի դեպքերի կանխումը և մշտադիտարկման հնարավորությունների ընդլայնումը։

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջին իսկ օրերից ԱԳՆ ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ սևեռելու միջազգային հանրության ուշադրությունը կատարվող հանցագործությունների վրա, դատապարտելու և կանխելու հուշարձանների դիտավորյալ վնասելու դեպքերը։ Հայկական կողմի մտահոգությունները փոխանցվել են գործընկեր բոլոր կառույցներին և երկրներին:

ՀՀ արտաքին գործերի նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է իր գործընկերների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների և հանդիպումների ընթացքում: Այս հարցում սերտ համագործակցություն է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ»:

--00—ԼՄ