ՀՀ-ին հաջողվել է պահպանել մակրոֆինանսական կայունությունը՝ չնայած ճգնաժամային պայմաններին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News  

ԱՄՆ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:

Նախարարը, բարձր գնահատելով երկկողմ համագործակցության մակարդակը, անդրադարձել է համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ ՀՀ-ին հաջողվել է պահպանել մակրոֆինանսական կայունությունը՝ չնայած ճգնաժամային պայմաններին: Առկա մարտահրավերներին դիմագրավելու հարցում նախարարը, մասնավորապես, կարևորել է պետական ինստիտուտների դերը և կարողությունների շարունակական զարգացումը:

Անդրադառնալով ֆինանսական և տնտեսական մարտահրավերների վերաբերյալ դեսպանի հարցադրմանը՝ նախարարն ընդգծել է, որ այդ համատեքստում կառավարության հիմնական նպատակներն արտացոլված են պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ. բարեփոխումների ռազմավարության մեջ: Նախարարը կարևորել է նաև մարտահրավերներին դիմագրավելու հարցում կողմերի ջանքերի համադրումը:

Միաժամանակ, բարձր է գնահատվել ԱՄՆ ՄԶԳ ներգրավվածությունը ՊՖԿ ռազմավարության իրականացմանն աջակցելու գործընթացում:

Նախարարը նշել է, որ հայկական կողմի համար առանցքային է արտահանման վրա հիմնված տնտեսական աճի գրանցման տեսլականը, որը պետք է միտված լինի ներառական աճի ապահովմանը՝ ընդգրկելով բոլոր ոլորտները:

Դեսպանն իր հերթին առանձնացրել է պետական-մասնավոր համագործակցության, պետական ներդրումների կառավարման և պետական գնումների ոլորտները և նշել, որ ամերիկյան կողմը հետաքրքրված է և պատրաստ է աջակցություն տրամադրել: 

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են խորացնել փոխգործակցությունը նշյալ բոլոր ուղղություններով:

 --00—ՄՀ