Լեզվաբանության ոլորտի նորարարական հետազոտությունների զարգացման հարթակ է ստեղծվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

ԿԳՄՍՆ

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ժամանակակից կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ, տեխնոլոգիահենք կրթության օրինակելի ձև` ուղղված բուհական կրթության նոր մշակույթի ձևավորմանը:

2019 թվականին մեկնարկած ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնել Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և ծրագրային փաթեթներով, մշակել և ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական մասնագիտական կրթական ծրագրերը, ինչպես նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը:

Այդ նպատակով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկման շրջանակում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են Բրյուսովի անվան պետական համալսարան: Աշխատանքային խումբը շրջել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում Լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի, Գիտակրթական միջոցառումների սրահի և Ուսանողների տեխնոլսարանի համար հատկացված և բուհի վերանորոգված տարածքներում: Վերոնշյալ սրահները համալրվել են կահույքով և համակարգչային սարքավորումներով։

Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկել են ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինե Ծատուրյանը ներկայացրել է կատարված աշխատանքը, ծրագրից ակնկալվող արդյունքներն ու հետագա նպատակները: Նրա հավաստմամբ՝ անհատ խորհրդատուներից կազմված համապատասխան աշխատանքային խմբերն ավարտել են «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական և «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական մասնագիտական կրթական ծրագրերի մշակման աշխատանքները, և բուհը, համաձայն դրամաշնորհային պայմանագրի, մշակում է վերոնշյալ ՄԿԾ-ների լիցենզավորման փաթեթը` ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացնելու համար: Նա նաև հավելել է, որ ընտրված անհատ խորհրդատուների կողմից ընթացքում են հայերենի իմացության մակարդակների մշակման աշխատանքները: Ըստ Քրիստինե Ծատուրյանի՝ դրամաշնորհային ծրագրի ընթացքի մշտադիտարկման և արդյունքների գնահատման նպատակով բուհի վարչակազմից ստեղծված հանձնաժողովը պարբերաբար իրականացնում է ծրագրի ընթացքի դիտարկում:

Նշենք, որ բուհի ռեսուրսների հաշվին արդեն իսկ մշակվել են «ՀայԼինգվոՏեք» կենտրոնի կանոնադրությունը և զարգացման հայեցակարգը: Համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Քննարկվում են նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ կրթական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

--00—ՄՀ

Տեսանյութեր