Սրանք մեզ կանգնեցրին, տեսնենք` ինչ են ասում. Որոտանում անհետացածները 20-21 տ. տղաներ են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Գորիս-Որոտան

Գորիս-Որոտան ճանապարհահատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախի 2  բնակիչները 20-21 տարեկան տղաներ են։ Այս մասին մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը։

«Իմ տեղեկություններով՝ տղաները գնացել էին իրենց ծառայակից ընկերներին տեսակցության: Վերջին կապը ընտանիքի անդամների հետ եղել է հենց այդ պահին, որ անհետացել են: Տղաներից մեկը հեռախոսով խոսելիս է եղել  եւ հեռախոսով խոսողն ասել է «սրանք մեզ կանգնեցրին, տեսնենք ինչ են ասում» և կապն ընդհատվել է: Դրանից հետո էլ նրանցից որևէ լուր չունենք»,–ասաց համայնքապետը։

Մկրտչյանի խոսքով` երիտասարդները միմյանց բարեկամ էին` հորեղբոր թոռներ էին։ 

Համայնքապետն ասաց, որ իրենց գյուղից մեքենայի մեջ 2 հոգի են եղել, ասում են, որ էլի մարդիկ են եղել մեքենայի մեջ, սակայն ինքը հստակ տեղեկություններ չունի:

--00--ԱԹ