«Քեզ ոչ ոքի չեմ տա»․ Ադալեթ Աղաօղլուի հուզիչ նամակը՝ Հրանտ Դինքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

«Ակոս»-ում հրապարակվել է նամակ՝ նվիրված Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցին։ Նամակի հեղինակը հայտնի թուրք գրող և դրամատուրգ Ադալեթ Աղաօղլուն է, հասցեատերը՝ Դինքի ընտանիքն ու նրա հիմնադրած «Ակոս» պարբերականը: Նամակը՝ ստորև (թարգմանությունը՝ ըստ «Արմենպրես»-ի)․

«Շատ-շատ սիրելի Հրանտ Դինքի ընտանիք, «Ակոս» պարբերական…

Հրանտ Դինք, եղբա՛յրս, քեզ մի պահ անգամ չեմ մոռանում: Քեզ հիշում եմ կենդանության օրոք՝ խաղաղությանը նվիրված ժողովներին, մեր կողքին կանգնած: Կարևոր էր, որ նման թեմաների վերաբերյալ խոսեր քեզ նման բաց հայացքով, բռնությանը դեմ և խաղաղությանը կողմ կեցվածք ունեցող մեկը: Ոչ մի րոպե մտքիցս դուրս չի գալիս: Այնքան գեղեցիկ էիր խոսում, որ հավատա՝ քեզ ամեն անգամ ոգևորվածությամբ ուզում էի գրկել: Ափսոս, շատ ափսոս: Քեզ մեզնից բռնությունը հեռացրեց: Միշտ բռնությանը դեմ էի, իսկ այն բանից հետո, ինչ բռնության պատճառով քեզ կորցրինք, շատ ավելի վստահ դարձա այդ համոզմունքիս մեջ:

Սիրելի Հրանտ, երբ մի օր լսեցի, որ քեզ ուզում են դատեն, անմիջապես կանգնեցի «Ակոս»-ի առաջ, քո կողքին: Բղավում էի. «Քեզ ոչ ոքի չեմ տա»: Միասին փորձում էինք թույլ չտալ քո բանտարկումը: Ինչ ափսոս, որ բռնությանը զոհ գնացիր: Քեզ շատ եմ կարոտում, Հրանտ Դինք:

Ա՜խ, իմ Հրանտ Դինք: Ես և ամուսինս խոնարհվում էինք քո հիշատակի ու մեծության առջև: Հուլիսին կորցրեցի քո հանդեպ մեծ հարգանքով լցված ամուսնուս: Այդպիսով, աստիճանաբար ավելի փոքրացա, սակայն դիմանում եմ: Ձեր երկուսի հիշատակին լավագույնը, որ կարող եմ անել, դա սեփական մտքերիցս չհրաժարվելն ու իմ ճանաչած ճանապարհով առաջ ընթանալն է»: