Կարող ենք սպասել միայն վարչապետի և նախագահի ավելի կոորդինացված աշխատանքի․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Քաղաքական

Նախագահի պաշտոնում միակ փոփոխությունը պայմանավորված է այն փաստով, որ նոր նախագահը լինելու է կա՛մ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, կա՛մ ունենալու է աֆիլացիա այդ կուսակցության հետ։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Հանրապետության նախագահի փոփոխության հարցին։

Այսօր առավոտյան Ազգային ժողովը հաղորդագրություններ տարածեց Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում լիազորությունները դադարած համարելու մասին։ Նախագահի պաշտոնական կայքն էլ հայտարարություն տարածեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնելու մասին։ Այս ընթացքում խորհրդարանի խոսնակի լիազորությունները կատարելու է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Գրեթե հաստատվել է, որ իշխող ՔՊԿ-ն նախագահի պաշտոնի համար առաջադրելու է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախկին անդամ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

Դավիթ Ստեփանյանի խոսքերով՝ նոր նախագահի ընտրության պարագայում կիրառվելու է այն նույն քաղաքականությունը, որն այսօր փորձում է կիրառել իշխող ՔՊ կուսակցությունը։ «Կարծում եմ՝ այս դեպքում տարաձայնություններ այդ երկու [վարչապետի և նախագահի] ինստիտուտների միջև չեն լինելու․ դա միակ տարբերությունն է, որը նոր նախագահին կարող է դե ֆակտո տալ ավելի մեծ լիազորություններ։ Մենք հասկանում ենք, որ դե յուրե այդ լիազորությունները մնալու են սահմանափակ, եթե չլինեն Սահմանադրության մեջ փոփոխություններ, որը սպասվում է այս տարի։ Եթե լիազորությունները մնում են նույնը, չեն ընդարձակվում, միանշանակ որևէ փոփոխություն սպասել պետք չէ։ Այսինքն՝ տվյալ դեպքում մենք կարող ենք սպասել միայն վարչապետի և նախագահի ավելի կոորդինացված աշխատանքի»։

Նախագահի փոփոխությունը, ըստ քաղաքագետի, կարող է էլ ավելի ամրապնդել ՔՊԿ-ի միահեծան իշխանությունը երկրում։ «Միանշանակ, նախագահի ինստիտուտը և «Քաղաքացիական պայմանագիրն» իրար ծափ տալով են աշխատելու։ Ես այդ հեռանկարը տեսնում եմ», - եզրափակեց Դավիթ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի նախագահի պաշտոնից հեռանալու որոշման մասին հայտարարել էր հունվարի 23-ին։ «Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները», - հունվարի 23-ին տարածած իր հայտարարության մեջ նշել էր Արմեն Սարգսյանը։

--00--ԿԿ