Մեր խնդիրները գալիս են մշակույթի թուլությունից, ինքնությունն է հանուն ՀՀ-ի գործելու հիմքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Մեր խնդիրները գալիս են մշակույթի թուլությունից, ինքնությունն է հանուն ՀՀ-ի գործելու հիմքը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱՅԲ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։

Փախչանյանի հետ զրույցի հիմնական թիրախը կրթությունն էր և դրա հետ առնչվող հիմնախնդիրներն ու մարտահրավերները։ Նրա համոզմամբ՝ հանրակրթության հիմնական հասցեատերը և պահանջատերը պետությունն է, մեծ հաշվով, դա հզոր պետություն ունենալու էական գործիքներից մեկն է։

Խոսելով մարզերում ուսուցիչների պակասի և ընդհանրապես բացակայության խնդրի մասին՝ Փախչանյանը առաջարկեց Մանկավարժական համալսարանում կրթությունըւ դարձնել անվճար, ինչի հիմքի վրա այնտեղ սովորողներին պետությունն է գործուղելու այս կամ այն տեղն աշխատանքի։

Նրա կարծիքով՝ հենց սա է այն հիմնական լուծումը, որը կարող է կարգավորել խնդիրը։ Մեր զրուցակցի համոզմամբ՝ համալսարանները պետք է ֆինանսական ազատություն ունենան ծնողներից, որ չսովորղ ամբոխին ստիպված չպահեն բուհերում, այսինքն՝ սա ենթադրում է պետության կողմից ֆինանսավորման ավելացում։ 

Բացի այդ, նրա պնդմամբ՝ մեր ապագան առանց քննությունների բուհ ընդունվելն է, քանի որ քննությունները, որպես այդպիսին, հնացած մեթոդ են, մի չափումով հնարավոր չէ գնահատել մարդուն։

Այս և այլ բազմաթիվ խնդիրների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։