Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել Թուրքմենստանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

f9a8d328-e28b-48c9-8313-65ed835dc494.jpg

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Թուրքմենստանի Ավազա քաղաքում տեղի ունեցած Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Նա հայտարարել է, որ իրենց հաջողվել է ամրապնդել հարաբերությունները թյուրքական աշխարհի հետ, ինչպես «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT), շրջանակում, այնպես էլ առանձին երկկողմ, եռակողմ և քառակողմ մեխանիզմներով։

«Այսօր նախարարների հանդիպումներով, իսկ վաղն էլ առաջնորդների գագաթնաժողովով մենք կոնկրետ քայլեր կձեռնարկենք առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում»։

Չավուշօղլուն նաև նշել է, որ շատ ուրախ է երեք եղբայրական երկրների արտգործնախարարների հանդիպման համար՝ շեշտելով, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի էներգետիկայի ու տրանսպորտի նախարարներն առանձին-առանձին եռակողմ հանդիպումներ են անցկացրել։

Ըստ նրա՝ կողմերը շարունակելու են իրենց ջանքերն ապրանքների, ծառայությունների և աշխատուժի շրջանառությունը միմյանց միջև հեշտացնելու համար։

--00—ԶՀ