Հալեպում Զարեհ Սինանյանին ներկայացրել են երկրաշարժից հետո հայ համայնքի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

նկար

2023 թ․-ի մարտի 8-ին Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հալեպ է ժամանել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որին ուղեկցում է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:

Սիրիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Հալեպում Զարեհ Սինանյանին ընդունել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը: ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնել ավերիչ երկրաշարժից տուժած Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կվերացվեն աղետի հետևանքները:

Ողջունելով հյուրերին՝ նահանգապետ Հ. Դիյաբը նշել է, որ Հայաստանն առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն առաքեց և Հալեպ գործուղեց հայ փրկարարներին, ովքեր որոնողափրկարարական մեծ ծավալի աշխատանքներ իրականացրեցին ալ-Շաար վարչական շրջանում:

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպումից հետո ճանաչողական և քաղաքավարական այցեր է կատարել Բերիո Հայոց Թեմի, Բերիո Կաթողիկե Հայոց Թեմի առաջնորդարաններ և Սիրիայի Հայ ավետարանական համայնքի գրասենյակ:

Նույն օրը՝ երեկոյան, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացել է ընդլայնված կազմով հանդիպում՝ մասնակցությամբ հալեպահայ համայնքապետերի, ավանդական երեք կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ղեկավար կազմի, Սիրիայի ՀԲԸՄ ատենապետի, «Ջինիշյան» հիշատակի ձեռնարկի տնօրինուհու և Ս.Օ Խաչի շրջանային վարչության ատենապետուհու:

Հանդիպման ընթացքում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ծանոթացել է երկրաշարժից հետո Հալեպի հայ համայնքի առջև ծառացած հիմնախնդիրներին և մտքեր են փոխանակվել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

--00—ԼՄ