ՄԻՊ-ի աջակցությամբ կենսաթոշակառուի կողմից բարձրացված խնդիրը լուծվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

photo_2023-05-19_11-26-41

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը կենսաթոշակային մարմնի կողմից սխալ վերահաշվարկի արդյունքում կենսաթոշակի հետգանձում չիրականացնելու հարցով։

Դիմումատուն տեղեկացրել է, որ ստանում է տարիքային կենսաթոշակ, զուգահեռ նաև աշխատում է։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ տարին մեկ անգամ իրականացվում է կենսաթոշակի վերահաշվարկ։

Հերթական վերահաշվարկը կատարելու ժամանակ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից քաղաքացուն տեղեկացրել են, որ նախկինում կատարված կենսաթոշակի վերահաշվարկները եղել են սխալ, և նա պարտավոր է ավել հաշվարկված 91 590 դրամը վերադարձնել գանձապետական հաշվեհամարին, հակառակ դեպքում կբռնագանձվի դատական կարգով: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ ավել վճարված կենսաթոշակը չի կարող վերադարձնել, քանի որ սխալ հաշվարկը կատարվել է կենսաթոշակային մարմնի մեղքով:

Պաշտպանը բարձրացված խնդիրը կարգավորող օրենսդրական հիմքերի վկայակոչմամբ գրություն է հասցեագրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Ստացված պատասխանի համաձայն՝ ներկայացրած դիմումների ու կից փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավել վճարված կենսաթոշակի գումարը բռնագանձման ենթակա չէ։

Մարդու իրավունքների պաշտպանի և իրավասու պետական գերատեսչությունների արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացու բարձրացրած խնդիրը լուծվել է։

--00—ՅՄ