Նալբանդյան գյուղում երիտասարդների ծեծկռտուքն ավարտվել է ծանր մարմնական վնասվածքով․ կա ձերբակալված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

dzerbakalutyun

Հունիսի 20-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ: Ինչպես փոխանցում են ՀՀ ոստիկանությունից, նա հայտնել էր, թե ծառից ընկել է:

Արմավիրի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ բուժօգնության տեղափոխված երիտասարդը ժամը 15.30-ի սահմաններում Նալբանդյան գյուղում վիճաբանել էր համագյուղացի երեք երիտասարդների հետ, վեճը վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ հասակակից երիտասարդը կտրող-ծակող գործիքով հարվածներ էր հասցրել նրան՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

21-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ հայտնել է, որ ինքն է սուր-կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել հիվանդանոց տեղափոխված համագյուղացուն:

Կատարվում է քննություն:

Հանգամանքները պարզվում են:

--00—ՅՄ