Հունիսի 27-ից կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24news

Screenshot_9

Վաղը՝ հունիսի 27-ին, կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի երկրորդ՝ հիմնական փուլը: Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։

Երկրորդ փուլով առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող բոլոր առաջին դասարանցիների համար։

Երրորդ փուլով՝ հուլիսի 4-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով ԿՏԱԿ–ը գործարկել է կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ հունիսի 12–ից մեկնարկել էր առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի առաջին փուլը, որը նախատեսված էր տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող, ինչպես նաև տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաների համար:

Նշված արտոնյալ կետի շրջանակում հայտագրումն իրականացվել է մինչև հունիսի 25-ը ներառյալ:

Հունիսի 27-ից ընդհանուր հիմունքներով պետք է հայտագրվեն արտոնություն ունեցող մյուս խմբերի ներկայացուցիչները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները,

տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները:

Վերջին երկու կետերի դեպքում ժամկետային սահմանափակում չի գործում. համապատասխան հիմքերի առկայության դեպքում, եթե հայտագրման ժամանակ ծնողի նախընտրելի դպրոցում ազատ տեղեր առկա չեն, ապա ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ երեխային հաստատություն ընդունելու համար։

Վերը նշված արտոնություններից կարող էին օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրվողները։

Նշենք նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստել է իրազեկող հոլովակ՝ հայտագրման գործընթացի և հաջորդական քայլերի վերաբերյալ:

--00—ՅՄ