Իտալիայում 2022 թ․ դարձել է ամենաշոգ և ամենաչորային տարին վերջին կես դարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

7ec3ae81-2721-4d7f-9b41-c3d03c3c5ed8.jpg

Անցյալ՝ 2022 թվականը, դարձել է 1961 թվականից ի վեր Իտալիայի համար ամենատոթն ու ամենաչորայինը։ Ինչպես նշված է Շրջակա միջավայրի պաշտպանության և հետազոտությունների բարձրագույն ինստիտուտի (Ispra) և Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային համակարգի՝ հուլիսի 20-ին հրապարակված ուսումնասիրության մեջ, միջին ջերմաստիճանը 1 աստիճանով բարձր է եղել 2021 թվականի ջերմաստիճանից և 0,58 աստիճանով բարձր՝ նախորդ ռեկորդից, որն արձանագրվել էր 2018 թվականին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Բացի այն բանից, որ 2022 թվականն Իտալիայում եղել է ամենաշոգը, այն դարձել է նաև ամենաչորայինը 1961 թվականից ի վեր։ 12 ամիսների ընթացքում տեղումները եղել են  22%-ով պակաս 1991-2020 թվականների միջին ցուցանիշի համեմատությամբ, իսկ հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակամիջոցում տեղումները պակաս են եղել 39%-ով։ Հյուսիսային շրջաններում տարվա ընթացքում տեղումները եղել են նորմայից զգալիորեն պակաս  (33%-ով), մինչդեռ հարավում և կղզիներում նվազումը կազմել է 13%:

Այս շաբաթ, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, Ապենինյան թերակղզում կլինեն շոգի նոր ռեկորդներ։ Առայժմ պահպանվում է 2021 թվականին գրանցված պատմական ռեկորդը, երբ Սիցիլիա կղզու բնակավայրերից մեկում օդի ջերմաստիճանը հասել էր 48,8 աստիճանի։

Հանրապետության հարավում և կենտրոնական շրջաններում ցերեկը ջերմաստիճանը հասնում է մոտ 40 աստիճանի, իսկ հյուսիսային որոշ շրջաններում ամպրոպ է և փոթորիկներ։ Այսպես, Վենետոյի հյուսիսային մարզում նախօրյակին երեկոյան տեղացել թենիսի գնդակի չափ կարկուտ։ Ըստ La Repubblica-ի՝ որոշ շրջաններում քամու պոռթկումները հասել են 120 կմ/ժ-ի:

 Ինչպես նշված է Ispra-ի կայքում, 2022 թվականը դարձել է անընդմեջ հինգերորդ ամենաշոգ տարին ամբողջ աշխարհում:

--00—ԶՀ