Գրիգոր Մինասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

385890574_706204138214872_6493109537311145872_n

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Պրոբացիայի ծառայության աշխատակազմին և մարզային մարմինների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ ղեկավար՝ Արամ Նիկոյանին: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գևորգ Սիմոնյանին կատարված աշխատանքի՝ մասնավորապես տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման գործընթացում ցուցաբերած ջանքերի համար: Նախարարը նշել է, որ քայլեր պետք է ձեռնարկվեն Պրոբացիայի ծառայության կարգավիճակի հստակեցման, տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, ինչպես նաև Ծառայության շենքային պայմանների բարելավման ուղղությամբ:

Կարևորվել է Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայության նոր՝ 2023-2026թթ. Ռազմավարության ընդունումից հետո՝ նախանշված աշխատանքները պատշաճ և ժամանակին իրականացնելու տեսլականը:

Նախարարը կարևորել է միջազգային գործընկերների՝ Եվրոպական Միության, Եվրոպային Խորհրդի, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը:

Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ Արամ Նիկոյանն իր ունեցած կառավարչական կարողությունները կներդնի՝ Պրոբացիայի ծառայության ծրագրերը կյանքի կոչելու համար: Արամ Նիկոյանը շնորհակալություն է հայտնել՝ վստահության համար և նշել, որ ջանքեր կգործադրի իր առջև դրված խնդիրները լուծելու համար:

Ծառայության նախկին ղեկավար Գևորգ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և նշել, որ Ծառայությունը մեծ կարողություն ունի առաջ շարժվելու և կատարելագործվելու համար:

Գրիգոր Մինասյանը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ 

--00—ՅՄ