Ավազակային հարձակմամբ հափշտակել են քաղաքացու ավտոմեքենան․ մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Screenshot_2

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 2022թ․ ապրիլին կատարված ավազակային հարձակման և քաղաքացու գույքի հափշտակության  դեպքի էական հանգամանքներ։ Մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 26–ամյա բնակիչը, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, նախնական համաձայնությամբ, քաղաքացու «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան հափշտակելու դիտավորությամբ, 2022թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի Երևանյան փողոցում գործող խանութի դիմաց, հարձակվել են վերջինիս վրա։ Իրենց մոտ գտնվող փայտյա մահակների գործադրմամբ նրանք հարվածներ են հասցրել քաղաքացու գլխի և դեմքի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Այնուհետև, հափշտակել են քաղաքացու հիշյալ ավտոմեքենան և վարելով դիմել  փախուստի՝ հափշտակելով նաև ավտոմեքենայում գտնվող՝ քաղաքացու թանկարժեք հեռախոսը։ Դրա հետևանքով վերջինիս պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 26–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Ավազակային հարձակմանը մասնակցած մյուս անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ