Դաժան փորձությունների միջով անցած արցախցի երկու ընտանիքների Գորիսում տան բանալիներ են հանձնվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

գոր.

Գորիս համայնքում հաստատված արցախցի երկու ընտանիքներ նոր բնակարան ստացան։ Նորակառույց բնակարանների բանալիներն արցախցի մեր հայրենակիցներին հանձնել է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ 

Դաժան փորձությունների միջով անցած արցախցի ընտանիքներից երկուսի՝ սեփական տանիք ունենալու ցանկությունն իրականացել է:

«Ընդամենը 15 օրից ևս մեկ բնակարանաշինության խոշոր ծրագիր է մեկնարկելու, այս անգամ 19 ընտանիքի համար: Հաջորդ տարի Գորիս համայնքում պլանավորում ենք ընդհանուր 100 ընտանիքի համար նոր բնակարաններ կառուցել, որոնք հավասարապես կհանձնվեն Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին և անտուն գորիսեցիներին»,- նշել է Առուշ Առուշանյանը։

Բնակարաններն ամբողջովին կահավորված են անհրաժեշտ իրերով, կենցաղային տեխնիկայով: Ընտանիքներից մեկն ունի 5 անչափահաս երեխա, մյուսը` բաղկացած է 4 հոգուց:

Նշենք, որ Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ և ամերիկահայ բարերարների աջակցությամբ` երկու ամիս առաջ Գորիսում մեկնարկել էին բնակարանների վերակառուցման աշխատանքները։ Ամերիկահայ Գարեն Բաբախանն ու Զարեհ Թումանյանն իրենց ավագ ընկերների հետ գումար էին հավաքել և որոշել օժանդակել արցախահայերին:

Գարեն ու Զարեհը այցելել են Գորիս, անձամբ են գնել անհրաժեշտ շինանյութը և մասնակցել բնակարանների կառուցապատման աշխատանքներին: Նախաձեռնությանը օժանդակել է «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամը: Բնակարանների վերակառուցման աշխատանքներն ամբողջովին իրականացրել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող Գորիս բարեկարգում ՀՈԱԿ-ը:
Ներկերի տրամադրման հարցում օժանդակել է  Հայաս Ֆինլանդիա ընկերության հիմնադիր Աբգար Մարգարյանը: Բնակարանների կահավորման աշխատանքներն իրականացվել են բարերարներ Ռուբեն Հարությունյանի, Սերգեյ Սարկիսովի և Արման Ղուկասյանի աջակցությամբ:

Բնակարանամուտի արարողությանը մասնակցել են բազմաթիվ գորիսեցիներ՝ շնորհավորել տեղահանված արցախցիներին բնակարանամուտի առիթով, կիսել նրանց ուրախությունը:

 --00--ԼՀ