Շահրամանյանը օրենք է ստորագրել․ արցախցիները կարող են ստանալ իրենց կենսաթոշակային հաշվի գումարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ԿԿ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը 2024 թվականի հունվարի 18-ին ստորագրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հրամանագիրը: Այս մասին 24News-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի կայքից:

Ըստ կատարված լրացման, նախատեսվում է.

«Հոդված 38.1. Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը 1. Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են և դրա արդյունքում ձևավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում նրա բանկային հաշվին՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում համապատասխան միջոցները փոխանցվում են անձի այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ նրա բանկային հաշվին սույն մասով սահմանված հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ինն ամսվա ընթացքում։»: Նշենք, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, այսինքն այն արդեն գործում է:

Ըստ կատարված լրացումների՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը համարվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված հանգամանք և դրանով սահմանված ինն ամսվա ժամկետի հաշվարկը սկսվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվանից:

Դեռ 3 ամիս առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ազգային ժողովում պատգամավորի հարցին պատասխանելիս, թե ինչպե՞ս է կազմակերպվելու արցախցիների կուտակային կենսաթոշակային համակարգի մաս կազմելը, պատասխանել էր. «Արցախցիներն իրենց առանձին կենսաթոշակային ֆոնդերն ունեն և դեռ քննարկումների կարիք կա՝ մեխանիզմների մշակման անհրաժեշտության, և երբ դրանք ստեղծվեն և շարունակականությունն ապահովվի, մեր հայրենակիցներն էլ արդեն տեղեկացված կլինեն»:

ՀՀ իշխանություններն այս հարցով ժամանակին ակնկարկել էին, որ այդ հարցով պետք է զբաղվեն Արցախի իշխանությունները՝ փորձելով ձեռքերը լվանալ և մի կողմ քաշվել: Հիմա Արցախի ԱԺ-ն «Կուտակային կենսաթոշակային» օրենքում լրացումներ է կատարել՝ հնարավորություն տալով մոտ 35000 արցախցիների ստանալ իրենց կենսաթոշակային հաշվին կուտակված գումարը: Խոսքը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կուտակված գումարների մասին է: Մեզ փոխանցեցին, որ միջինում 400-500 հազար ՀՀ դրամ կարող են կանխիկացնել արցախցիներն իրենց հաշիվներից: Իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն, որ շարունակվի կուտակվել իրենց աշխատավարձից գեներացվող գումարը կենսաթոշակային հաշիվներում, ապա արդեն իրենք են դիմում գրելու, որ ցանականում են շարունակել կուտակել գումարը:

Նշենք, որ Հայաստանն ու Արցախը կուտակային կենսաթոշակային մեկ համակարգում էին գտնվում։ Համակարգը Արցախում ներդրվել է 2019 թվականի հունիսից:

 

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ