Ունեմ հիմնավոր կասկածներ, թե ովքեր են կանգնած նման լուրերի հետևում․ Վարագ Սիսեռյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Վահագ Սիսեռյան

Թող քննություն սկսվի ու պարզվի՝ չարաշահել եմ պաշտոնական դիրքս, թե ոչ։ 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը՝ անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի հրապարակած այն նյութին, որտեղ  թերթը նշում է՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող Earth link եւ Advanced Resources Development (ELARD) ընկերության հետևում կանգնած են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վարագ Սիսեռյանը։

«Փաստացի, հոդվածում հաղորդագրություն է հանցագործության մասին, որտեղ ինձ մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։ Ես պահանջում եմ, որ իրավապահ մարմինները քննություն իրականացնեն այս հաղորդման հիման վրա, որ հասկանանք՝ ինչքանով են համապատասխանում մեղադրանքները իրականությանը։ Եթե պարզվի հանցանք եմ գործել՝ պատիժս կկրեմ, իսկ եթե պարզվի՝ չկա այդպիսի բան, կգնամ այլ քայլերի»,-ասաց նա։

Հարցին, թե ինչ քայլերի կդիմի, Վարագ Սիսեռյանը նշեց, որ ներկա պահին չի ցանկանում դա բացահայտել, բայց իր իրավունքները պաշտպանելու է։

«Թող նախ քննությունը տեղի ունենա։ Չեմ ուզում սպեկուլյացիա անել, առանց քննության։ Ունեմ հիմնավոր կասկածներ, թե ովքեր են կանգնած նման լուրերի հետևում, բայց այս պահին չեմ ուզում անուններ տալ։ Քննության ընթացքում իրավապահ մարմիններն էլ դա կպարզեն»,-ասաց նա։
Անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգի անցկացման համար հայտարարված մրցույթին՝ Վարագ Սիսեռյանն ընդգծեց, որ ո՛չ փոխվարչապետի գրասենյակը, ո՛չ անձամբ ինքը որևէ կապ չեն ունեցել։

«Գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեյում, և հենց ՀՔԿ-ն էլ հայտարարել է մրցույթը, ինչի մասին արդեն տեղեկացրել է։ Եթե հաղթած կազմակերպությունը հիմնադրված է Լիբանանում, և ես էլ Լիբանանից եմ, պրիմիտիվ է կապել այս երկու հանգամանքը իրար։ Կարող էին ավելի խորանալ և հասկանալ՝ ինչպես է մրցույթը տեղի ունեցել»,-ասաց նա։ 

Նշենք, որ թերթը գրել էր իրենց տեղեկություններով՝ հենց Տիգրան Ավինյանի և Վարագ Սիսեռյանի ուղղորդմամբ է կառավարությունը պետական բյուջեից 400 հազար դոլար տրամադրել այդ ընկերությանը՝ այն դեպքում, երբ Լիբանանը աշխարհին հայտնի չէ հանքավայրերի մոնիտորինգով զբաղվող ընկերություններով: