Կոտայքի մարզում կհիմնվի խոշոր ադամանդագործական ընկերություն․մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 17, 24News

Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզը բավականին զարգացած և բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է։ Հանրապետության ՀՆԱ-ում մարզի տեսակարար կշիռը կազմում է 7 տոկոս։ Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Մարզի ընդհանուր ծավալում գերակշիռ մաս է կազմում արդյունաբերությունը, որի հիմնական և առաջատար ուղղությունը մշակվող արդյունաբերական ոլորտին է պատկանում։ Այս ոլորտում զարգացած են սննդամթերքի և ըմպելիքի արդյունաբերությունը, ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրությունը և այլն»,- ասաց Պետրոսյանը։

Ըստ մարզպետի՝ մարզի տնտեսության զարգացման  համար  4 գերակա ուղղություններն են ադամանդագործությունը, վերականգնվող էներգետիկան, ինտենսիվ այգեգործությունը և տեխնոլոգիական գյուղատնտեսությունը, և, իհարկե, տուրիզմի ոլորտը։

 Պետրոսյանը հայտնեց, որ մարզի մշակվող արդյունաբերության առավել զարգացած ճյուղերից է ադամանդագործական արտադրատեսակների արտադրությունը։

«Այս ոլորտը մշակվող արդյունաբերության ծավալում կազմում է 7,5 տոկոս, իսկ ամբողջ արդյունաբերության ծավալում 4,5 տոկոս։ Մարզում գործում են 13 ադամանդագործական ձեռնարկություններ՝ 10-ը գտնվում են Նոր Հաճն համայնքում, մեկական՝ Աբովյան, Նոր Գեղի և Քարաշամբ համայքներում։ 2019 թվականին Աբովյան համայնքում կհիմնվի ևս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն։ Մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է, իսկ արտադրված ադամանդի մեծ մասը արտահանվում։ Մարզի ադամանդագործական ձեռնարկություններում այսօր աշխատում են շուրջ 700 քաղաքացիներ։ Շեշտեմ, որ ադամանդագործության զարգացման համար մեր մարզում առկա են զգալի նախադրյալներ՝ հարուստ փորձ, միջազգային շուկայում մեծ ճանաչում և որակյալ մասնագետների առկայություն»,- եզրափակեց Պետրոսյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news