Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված գործը ՀՔԾ չի ուղարկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Իրավական

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը չի ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։ Վերջինս նշեց նաև, որ գործը քննում է և շարունակելու է քննել Քննչական կոմիտեն։

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։ Գործը վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ ռազմական ոստիկանության պետի պաշտոնավարման տարիներին։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՔԿ-ն հայտարարել էր, որ քրեական գործը նախատեսվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննության իրականացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու համար: