Պատի՜վը քեզ, քո չապրածի պատասխանատվությունը՝ մեզ․ Բագրատ եպիսկոպոսը՝ զոհված զինվորի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

եպիոսկոպոս

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան էջում «Մեր Մուշեղը» խորագրով գրառում է արել՝ նվիրված օրերս Տավուշում զոհված զինծառայողի հիշատակին: Գրառման մեջ Բագրատ եպիսկոպոսը գրել է.

«Սիրելինե՛ր, Հայաստանում՝ Տավուշ աշխարհում, զինվոր է զոհվել... Մի պահ դադար առե՛ք... Այդ փամփուշտը, որ խլել է մեր Թագավոր եղբոր կյանքը, մտել է նաև  յուրաքանչյուրիս տուն և ընտանիք: Խնդրում եմ լռե՜ք, դադա՜ր առեք սովորական կյանքից, աղոթքով ու խոնարհումով ճանապարհենք մեր եղբորն ու զավակին: Մայր Հողն այսօր կրկին ճեղքվել է՝ Իր տաքուկ գրկում ընդունելու Իր որդուն... Երկինքը բացված է գրկելու Իր հերոս զավակին..

Մուշեղը՝ Տավուշեցի հինգերրորդ իմ զավակն է, այս անգամ Կողբ համայնքից, ում այսօր փառքով և պատվով, խոնարհ սրտով և աղոթքով պիտի հանձնենք հավիտենականությանը, ով իր կյանքը կնքեց իմ և ձեզ համար՝ իր արյունով ներկելով մեր հողը և մեր կյանքը: Գնաց խառնվելու մեր Հաղթանակած Հայրերի փաղանգին...

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի վկայությամբ՝ Մուշեղն այն տղաներից է, ով մեծացրել է մեր Հայրենիքի սահմանները:

Հոգիդ Աստծո լույսերի մեջ հանգչի և Տիրոջ Հարությանն արժանանաս սիրելի՛ եղբայր ու ընկեր, սիրելի՛ Հայրենիքի ու Հավատքի պաշտպան...Պատի՜վը քեզ, իսկ քո չապրածի պատասխանատվությունը՝ մեզ...

Խոնարհումով, արցունքով և աղոթքով

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)»: