Հայկական փոքր ու միջին ընկերությունները չինական ամենամեծ տնտեսական հարթակում կընդգրկվեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Հայկական փոքր ու միջին ընկերությունները, ներառյալ Արցախում գործողներն, առաջիկայում չինական ամենամեծ տնտեսական հարթակում ընդգրկվելու հնարավորություն կունենան:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Եվրոպա կատարած իմ այցը եզրափակվեց «Գործարար պալատների համաշխարհային համադաշնություն» (Global Confederation of Business Chambers) միջազգային տնտեսական կազմակերպության կողմից Վիեննա քաղաքում կազմակերպված GLASE-ի եւ To Joy-ի եվրոպական ժողովին մասնակցությամբ: Ընդամենը մի քանի ժամվա մեջ ականատեսը եղա, թե ինչպես մոտ մեկ միլիոն չինական  փոքր ու միջին ընկերություններ մեկ պլատֆորմի միջոցով հնարավորություն ստացան մուտք գործելու եվրոպական շուկա: Իսկ աշխարհի կապիտալի շուկայում տեղի ունեցող այս սրընթաց փոփոխություններին պարտավոր ենք համարժեք արձագանքել, որպեսզի զարգացման հեռանկարների վերաբերյալ մեր կանխատեսումները ճշգրիտ հիմնավորումներ ունենան:

Ժողովը ներկայացուցչական էր, քանի որ մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների նախկին նախագահներ, վարչապետներ, նախարարներ, գործարարներ ու համաշխարհային ճանաչում ունեցող շատ այլ դեմքեր: Իմ մասնակցությունը հնարավոր է դարձել իմ մտերիմ ընկեր եւ բարեկամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անմիջական աջակցությամբ, ինչի համար հայտնում եմ նրան խորին երախտագիտությունս: Ուրախ եմ նաեւ, որ հենց նրա ընկերակցությամբ եմ մասնակցել այդ կարեւոր միջոցառմանը, եւ շատ արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել: Թերեւս ամենահիշարժանը հանդիպումն էր այդ համաժողովը նախաձեռնած, համաշխարհային GLASE եւ To Joy ընկերությունների սեփականատեր, միլիարդատեր, Չինաստանում ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ Ջունքինգ Լուի հետ, ով հանդիսանում է չինական ՓՄՁ զարգացման ամեմանամեծ հարթակի ու դրա միջոցով աննախադեպ զարգացման պայմանների ստեղծողը (դրա շնորհիվ Չինաստանում ՓՄՁ-ների տեսակարար կշիռն արտահանման մեջ կազմում է մոտ 60 տոկոս): Շատ արդյունավետ քննարկում ունեցանք: Մենք նրան առաջարկեցինք հայկական փոքր ու միջին բոլոր ընկերությունների՝ ներառյալ Արցախում գործողների համար այդ պլատֆորմում ընդգրկվելու պայմաններ ստեղծել, ինչպես նաեւ գալիք տարի Հայաստան այցելել: Պարոն Լուն սիրով ընդունեց ոչ միայն մեր առաջարկը եւ Հայաստան այցելելու հրավերը, այլեւ հրավիրեց մոտ ապագայում հենց Չինաստանում շարունակելու գործնական քնարկումները: Տեղին եմ համարում նշել, որ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որպեսզի ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությունը չինական կողմը վերցնի իր վրա»,- գրել է Հարությունյանը:

Արցախի նախկին վարչապետ համոզմունք է հայտնել, որ ինտեգրման այդ ճանապարհը նոր պայմաններ է ստեղծելու մեր միասնական հայրենիքի տնտեսական զարգացման ավելի բարձր տեմպերի ապահովման համար, քանի որ տեղական ընկերությունների՝ համաշխարհային շուկայում ընդգրկվելու, նոր ներդրումների ներգրավման եւ տեխնոլոգիական առաջընթացի կազմակերպման համար այն հուսալի հեռանկարներ է խոստանում:

Արայիկ Հարությունյանը նշել է նաեւ, որ օգտվելով առիթից՝ համաժողովի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաեւ Հունաստանի նախկին վարչապետ (2009-2011թթ.)  Գեորգիոս Պապանդրեուի, Սերբիայի նախկին նախագահ (2004-2012 թթ.), Սերբիայի Դեմոկրատական կուսակցության նախագահ Բորիս Տադիչի, Բրազիլիայի նախկին նախագահ (2005-2010 թթ.) Դիլմա Ռուսեֆի եւ քաղաքական ու գործարար հայտնի այլ գործիչների հետ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հիմնականում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտության ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ ներկայացրել է իր դիրքորոշումը:

«Իսկ մեր դիրքորոշումը մեկն է՝ ամրացնել սահմաները, ստեղծել ուժեղ, զարգացած, հզոր պետություն, որտեղ քաղաքացին կունենա երաշխավորված սոցիալական պաշտպանություն, բարձր եկամուտ, իսկ ներքին ու արտաքին՝ վտանգների հանդեպ ապահովության լիարժեք զգացում»,- եզրափակել է Հարությունյանը: