«Ոչ»-ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահի հետ որևէ կապ չունի․ Լևոն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

լևոն

ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, հարցազրույց է տվել «Սպուտնիկ Արմենիային», անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին։

Ըստ Լևոն Քոչարյանի՝ գործող իշխանությունը նախ փորձեց համոզել ՍԴ դատավորներին, որ հրաժարական տան, և դա, ըստ նրա, սկսվեց ինչ–որ պահից, որովհետև սկզբում խնդիր չկար, բայց հետո դատավորների նկատմամբ ճնշումներն ակտիվացան։

«Տեսնելով, որ նրանք չեն համաձայնվում, իրենց ուզածը չեն անում, դիմեցին նման քայլի, որն ինքին աբսուրդ է՝ հետ գնալ և անցումային դրույթ փոխել, որը սպառված է, այսինքն՝ արդեն աշխատել է։

Իշխանությունը սկսել է հակաօրինական, հակաիրավական գործընթաց, որի միակ նպատակը ՍԴ–ում սեփական մարդկանց ունենալն է, որպեսզի հետագայում ցանկացած որոշում կարողանան այնտեղ անցկացնել, հետևաբար ոչ մի կերպ չենք մասնակցում այդ գործընթացին»,-ասել է Լևոն Քոչարյանը, ապա հավելել, որ փորձ է արվում իրավաբաններից ձևավորված «Ոչ»-ի խմբին կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն նման բան չկա, և «Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահի հետ որևէ կապ չունի։

«Եթե նայեք «Ոչ»–ի ցուցակի առաջին տասնյակին, այնտեղ կտեսնեք իրավաբանների, որոնք նախկինում եղել են հենց Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիրների դատապաշտպանները»,– ասել է ՀՀ երկրորդ նախագահի որդին։