Ոստիկանները գրպանահատների են բերման ենթարկել ու հայտնաբերել գողացված դրամապանակները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Փետրվարի 21-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները գրպանահատության երկու դեպք բացահայտեցին:

Առաջին դեպքը Շենգավիթ վարչական տարածքում էր կատարվել: Ժամը 17-ի սահմաններում թիվ 12 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին գողացել, որի մեջ եղել էր փող: Մասնագիտացված ստորաբաժանման աչալուրջ ծառայության շնորհիվ դեպքից րոպեներ անց կասկածվողը բռնվեց:

Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Արտաշիսյան փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին Շիրակի փողոցի 65-ամյա մի բնակչի:

Տղամարդու անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվեց:

Տուժողից ընդունվեց հաղորդում:

Մյուս դեպքը գրանցվել էր ոստիկանության Կենտրոնական բաժնում: Ժամը 18.30-ին մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ Մաշտոցի պողոտայում նկատել է, որ ուսապարկից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող:

Օպերատիվ խումբը որոնողական աշխատանք սկսեց: Նրանց միացան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնք էլ տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Խարբերդի 31-ամյա մի բնակիչ:

Նույն օրը կասկածվողը Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին եւ տվեց խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Գողության դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս