Արցախի հսկիչ անցակետերում առողջապահության նախարարությունը հսկողական աշխատանքներ է տանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

արցախ

Մարտի 14-ից սկսած՝ Արցախի Հանրապետության երկու՝ Աղավնոյի և Խարխափուտի հսկիչ կետերում ԱՀ առողջապահության նախարարության կողմից ծավալվում են հսկողական աշխատանքներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ անկախ այն բանից՝ Արցախ ժամանող քաղաքացին օտարերկրացի է, թե տեղացի, տեղում ստուգվում է նրա ջերմությունը: Եթե լինում է բարձր ջերմություն, կամ այդ քաղաքացին ընդգրկված է բարձր ռիսկի խմբում, կա սահմանված ձև, որի համաձայն՝ իրականացվում են հետագա աշխատանքները՝ ընդհուպ տվյալ քաղաքացու մեկուսացում:

Պետական նախարարը նշել է, որ մարտի 17-ից այդ նույն հսկողական մեխանիզմը կսահմանվի Խնձորեսկի և Կովսական-Կապան ճանապարհներին:

«Իհարկե, սա որոշակի անհանգստություն է պատճառում մեր քաղաքացիներին, սակայն մենք բոլորս պետք է ըմբռնումով մոտենանք այսպիսի սահմանափակումներին, քանի որ պետք է գիտակցենք, որ հանրության համար էական ռիսկի նվազեցում կարող է լինել այս ամենը»,- ավելացրել է Գ. Մարտիրոսյանը:

Պետական նախարարը տեղեկացրել է, որ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից պետական մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ այս ժամանակահատվածում արտասահմանյան զբոսաշրջիկներին մուտքի արտոնագիր չտրամադրելու համար: