Սարգիս Գրիգորյանը և ցույցի ևս 5 մասնակից ազատ են արձակվել․ կտուգանվեն 50 հազար դրամով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

հասարակական

Կառավարության շենքի դիմաց ժամեր առաջ անցկացված բողոքի ակցիայի 6 մասնակից տարվել են ոստիկանության Էրեբունու բաժին, այնուհետև ժամը 16։00-ին ազատ են արձակվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով», - նշեց Գաբրիելյանը։

Հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում: Այն սահմանված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն՝ տուգանքի չափը կազմում է 50 հազար դրամ:

Զարզանդ Գաբրիելյանի խոսքով՝ տուգանքների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել։

Հիշեցնենք, որ կառավարության դիմաց կազմակերպված ակցիայի մասնակիցները ռեստորանային ոլորտի, արվեստի ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ էին, որոնք կառավարությունից պահանջում էին թույլատրել իրենց աշխատել, թեկուզ՝ սահմանափակումներով։ Ակցիայի 6 մասնակիցները բերման են ենթարկվել այն բանից հետո, երբ իրավապահները զգուշացնում էին սոցիալական հեռավորություն պահպանել և չխախտել հավաքներ չկազմակերպելու վերաբերյալ պարետատան պահանջները։ Նշենք, որ բերման ենթարկվածների շարքում էին նաև դերասան Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Միրզոյանը։

Սոնա Գրիգորյան