«Ղարաբաղյան խնդիրը արդեն շատ երկար է ձգվում»․ Վաշինգթոնի կոչը՝ Հայաստանին և Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 10, 24News

Thumbnail

«Ղարաբաղյան խնդիրը արդեն շատ երկար է ձգվում, և հիմա եկել է ժամանակը, որ կողմերը զերծ մնան փոխադարձ մեղադրանքներից և իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության: Վաշինգտոնը ոգևորված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ու արտգործնախարարների միջև հաստատված վերջին կառուցողական շփումներով»,-այդ մասին ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Գրեգորի Մաքրիսի՝ կառույցի մշտական խորհրդին ուղղված նամակում:

«Կողմերը պետք է օգտվեն ստեղծված հնարավորությունից և ուղիներ գտնեն կարգավորումն առաջ տանելու համար։ Մինսկի խմբի համանախագահները մի շարք քայլեր են առաջարկել, որոնք կողմերը կարող են ձեռնարկել՝ լարվածությունը հետագայում ևս նվազեցնելու և շփումները բարելավելու համար»,-ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարը:

«Միացյալ Նահանգները աջակցում է միջնորդների այդ խորհուրդներին, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչի լիազորություններն ընդարձակելու ու շփման գծում հրադադարի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմների ստեղծման առաջարկներին, և կարծում, որ արտգործնախարարների հանդիպումը կարող է նոր թափ հաղորդել այս քայլերի իրագործմանը», - ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի նամակում:

«Միացյալ Նահանգները վճռական են շարունակելու համագործակցությունը կողմերի հետ՝ հակամարտության կայուն ու խաղաղ կարգավորումը գտնելու համար, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա», -ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը: