Ովքե՞ր են Հայաստանի ամենահարուստ մարզպետները․ ԹՈՓ 5-յակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

24News-ն առանձնացրել է Հայաստանի այն 5 մարզպետների տվյլաները, որոնք ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված հայտարարագրերի ամենաշատ եկամուտն են ունեցել։ 

Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Հայաստանի ամենահարուստ մարզպետներից մեկը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է։ 2019 թվականի սկզբում մարզպետն ունեցել է  2 բնակարան՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ինչպես նաև 1 հողամաս՝ Կոտայքի Ակունք գյուղում։

Նախորդ տարի նա Երևանում 1 բնակարան է ձեռք բերել՝ 51 միլիոն 357 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաև 17 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ մեկ բնակարան՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Մարզպետը հայտարարագրել է նաև մեկ BMW մակնիշի մեքենա։ Բանկային հաշիվներում Ռոմանոս Պետրոսյանի դրամական միջոցները կազմում են 1 միլիոն 922 հազար դրամ։ 
Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականին։ Նա մարզպետարանից ստացել է 11 միլիոն 522 հազար դրամ աշխատավարձ։ Բացի այդ, մարզպետը 35,000,000 դրամ փոխառությունից ստացված եկամուտ է ունեցել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ»-ից և 874 000 դրամ՝ «Ամերիաբանկ»-ից, ինչպես նաև՝ 17,800,000 դրամ եկամուտ է ստացել գույքն օտարելու դիմաց։ Հայտարարագրի տվյալներից հայտնի դարձավ նաև, որ Ռոմանոս Պետրոսյանը 60 տոկոս բաժնեմաս ունի «Բիզնես Ռեջենտ» ընկերությունում։

Հաջորդ ամենահարուստներից մեկը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն է։ Պողոսյանի կանխիկ դրամական միջոցները կազմում են 12 միլիոն դրամ և 8000 ԱՄՆ դոլար։ Նա ևս 796 հազար դրամ և 6920 ԱՄՆ դոլարի միջոցներ ունի իր բանկային հաշիվներում։ Մարզպետարանում աշխատանքի դիմաց Սյունիքի մարզպետի եկամուտները կազմել են 10 միլիոն 165 հազար դրամ։
Մինչև Սյունիքի մարզպետ նշանակվելը Հունան Պողոսյանը զբաղեցրել է ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը և 2019-ին նա 3 միլիոն 800 հազար կենսաթոշակ է ստացել ոստիկանությունից։ 

Մեծ չափի եկամուտներ ունի նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Նրա բանկային հաշիվներում առկա է 10 միլիոն 678 հազար դրամ և 7,466 ԱՄՆ դոլար։ Մարզպետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 231 հազար դրամ և 834 ԱՄՆ դոլար։ Գևորգյանին է պատկանում նաև VOLVO մակնիշի մեկ մեքենա։ 

Դավիթ Գևորգյանը մարզպետարանում աշխատանքի դիմաց ստացել է 12 միլիոն 78 հազար դրամ, ինչպես նաև` մոտ 128 հազար դրամ՝ «Ինեկոբանկ»-ից՝ որպես այլ եկամուտ։ 
Արագածոտնի մարզպետը նաև 100 տոկոսի բաժնեմաս ունի «Բիզնես քալչր» ընկերությունում։ Հայտարարագրի տվյալներից պարզ դարձավ նաև, որ մարզպետը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ 

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ամենահարուստ մարզպետներից մեկն է։ Ըստ հայտարարագրի տվյլաների՝ նա որպես այլ եկամուտ 2019 թվականին ստացել է 19 միլիոն դրամ, իսկ մարզպետարանից 7 միլիոն 565 հազար դրամ աշխատավարձ։ 

Մարզպետը հայտարարագրել է մեկ բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որը գնել է 2019 թվականին։ Տիգրան Պետրոսյանին է պատկանում նաև Toyota մակնիշի մեկ մեքենա։ Որը գնել է 2017 թվականին։ Մարզպետի բանկային հաշիվներում առկա է 305,000 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 100 հազար դրամ։
 
Ամենահարուստ մարզպետների շարքերում է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ Մարզպետին է պատկանում մեկ բնակարան՝ Երևանի կենտրոնում։  Նրա բանկային հաշիվներում առկա է 2 միլիոն 155 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմում են 20,000 ԱՄՆ դոլար և 2 միլիոն 300 հազար դրամ։ Արմավիրի մարզպետի պաշտոնում Համբարձում Մաթևոսյանը ստացել է 10 միլիոն 754 հազար դրամ աշխատավարձ։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս