ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Կառավարության նիստում այսօր քննարկվում էր «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և այլ նախագծերի քննարկման ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց, որ քննարկվողը կարևոր նախագծերի փաթեթ է և սպասված, մարդու իրավունքներին վերաբերող բազմաթիվ դրույթներով: Թաթոյանը նշեց` թեպետ փաթեթը շրջանառվում է հունիսից, սակայն ՄԻՊ-ին նախապես չի ուղարկվել կարծիքի, ուղարկվել է մեկ օր ժամկետ տալով:
Այս տեղեկությունը զայրացրեց ՀՀ վարչապետին: Նա, դիմելով կառավարության անդամներին, ասաց.
«Ուզում եմ հասկանալ` էս գործելակերպին ե՞րբ է վերջ տվրելու, երբ կառավարության նիստում հնչում է`չի ուղարկվել կարծիքի, երեկ է ուղարկվել կարծիքի: Սա ինչքա՞ն է շարունակվելու»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ վարչապետի աշխատակազմը նման գործառույթ չունի:
«Բա ո՞վ ունի»,- հարցրեց Փաշինյանը: Աղաջանյանը պատասխանեց` այն գերատեսչությունը, որ նախաձեռնում է այդ նախագիծը:
Նախագծերը ներկայացնող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանեց`ուշ է ներկայացվել, քանի որ մինչև վերջին պահը պարզ չի եղել`որ նախարարությունը պետք է զեկուցող լինի:
«Հունիսից օգոստոս հրատապ ռեժիմո՞վ եք աշխատել»,- հարցրեց վարչապետը, ապա ընդգծեց` Կաֆկայի «Դղյակը» պետք է դարձնել Կառավարության կանոնադրության հավելված:
Դիմելով կառավարության անդամներին`վարչապետն ասաց.
«Եկեք դադարեցնենք: Կգնաք, կքննարկեք մինչև ստորագրման բերելը»:
-- 00—ՄՀ