Զարուհի Բաթոյանը հրաժեշտ է տվել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News           

Բաթոյան

Զարուհի Բաթոյանը հրաժեշտ է տվել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերին․
   

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատել այս տարիների ընթացքում: Ես շատ եմ կարևորում բոլոր այն ծրագրերը, որ իրականացրել ենք միասին՝ ծառայությունների որակի բարելավման, երեխաների իրավունքների պաշտպանության և մյուս բոլոր ոլորտներում, որտեղ համագործակցության փորձ ենք ունեցել: Ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ ծրագրերն ու քաղաքականություններն, իհարկե, կարևոր են, բայց ոչ պակաս կարևոր են նաև այն մարդիկ, որոնց հետ իրականացնում ես դրանք: Այս իմաստով առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել տիկին Դեբորա Գրիսերին՝ փոխվստահության մթնոլորտում իրականացված համատեղ աշխատանքի համար: Ողջունում եմ նաև Դևիդ Հոֆմանին, և համոզված եմ, որ ձեզ հետ ևս կունենանք արդյունավետ և երկարատև համագործակցություն»,- այս մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության ներկայացուցիչների հետ հեռավար հանդիպման ընթացքում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

ԱՄՆ ՄԶԳ գործընկերների հետ առցանց հանդիպման ընթացքում նախարարը հրաժեշտ է տվել հայաստանյան առաքելության ղեկավար տիկին Դեբորա Գրիսերին՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում, և ողջունել Դևիդ Հոֆմանին, ով առաջիկա տարիներին կղեկավարի առաքելության աշխատանքները Հայաստանում.

«Մենք մեծապես արժևորում ենք այն աջակցությունն ու զորակցությունը, որ մշտապես ունեցել ենք ձեր և ողջ կառավարության կողմից՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարևոր ծրագրեր իրականացնելու ընթացքում, հատկապես համայնքային ծառայությունների զարգացման, ներառական հասարակության ստեղծման և ապաինստիտուցիոնալացմանն ուղղված ծրագրերի: Ես համոզված եմ, որ պարոն Հոֆմանի պաշտոնավարման ընթացքում ևս կպահպանվի համագործակցության այս մակարդակը»,- ասել է Դեբորա Գրիսերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում սոցիալական ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ առաքելության կողմից ցուցաբերվող և նախատեսվող աջակցության հետ կապված հարցեր:

                      

-- 00—ՄՀ