Տեղեկություն ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների՝ Ադրբեջան տեղափոխվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսին ելույթ է ունեցել և լրագրողի հարցին պատասխանելիս՝ անդրադարձել նաև ԼՂ հիմնախնդրին ու ու այդ հարցում Թուրքիայի դերակատարությանը:

«Սքայ Նյուզ Արաբիյա». Դուք խոսեցիք հայ-եգիպտական հարաբերությունների խորության մասին և Հայաստանի համար Եգիպտոսի պատմական և ապագա դերի մասին՝ պայմանավորված նաև հայերի ներդրումով և հայ համայնքի առկայությամբ: Սակայն դեռևս առկա է լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի վարքագիծը Կովկասում և Արևելյան Միջերկրականում: Արդյոք այդ վարքագիծը վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ:

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ հարցի համար: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մեր հայրենակիցների՝ Արցախի հայերի կարևոր էքզիստենցիալ հարցերը շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում: Մեր ուշադրությունը և մեր գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը և կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և դրա իրականացմանը` առանց սահմանափակումների: Հանգուցալուծման առումով մեր կարևորագույն առաջնահերթությունների առանցքում ընկած է անվտանգությունը: ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահությունը, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից, եղել և մնում է միակ կարևոր միջազգային հարթակը, ձևաչափը, որի շրջանակներում էլ մենք փորձում ենք լուծել այս հակամարտությունը: Հակամարտության լուծումը կարող է հիմնված լինել փոխզիջման վրա, իսկ փոխզիջում նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի դեպի հավասարակշռված, չափելի լուծում, որը կհասցեագրի բոլորի շահերը:

Չի կարող լինել «միայն իմ ճանապարհով» լուծում: Կարծում եմ` այս առումով մենք ականատես ենք լինում այս հակամարտության նկատմամբ միջազգային հանրության զգայունությանը: Բոլոր հակամարտությունները տարբեր են։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա այն ունի իր առանձնահատկություները, պատմությունը, նրբությունները և կարևոր տարբերությունները: Այս շրջանակներում էլ մենք բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների շատ զգուշավոր մոտեցումը բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս հարցը չունի ռազմական լուծում:  

Մենք կարող ենք պնդել դա, քանի որ Հայաստանը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու, Արցախը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու: Կա Արցախի մեր հայրենակիցների անվտանգության միայն մեկ երաշխավոր, և դա Հայաստանն է: Մենք վճռական ենք այդ պաշտպանության հարցում, և հենց այդ վստահությամբ և ընկալմամբ է, որ մենք մերժում ենք ռազմական լուծման որևէ փորձ: Այս տրամաբանության շրջանակներում մենք լավ ընկալում ունենք մեր բոլոր գործընկերների մոտ, և մենք ունենք նաև մեր միջազգային գործընկերների շատ զգուշավոր, պատասխանատու ըմբռնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված իրենց ջանքերի հանդեպ: Այդ առումով Եգիպտոսը մեզ համար շատ կարևոր գործընկեր է:

Այժմ ինչ վերաբերում է Թուրքիային: Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով: Իհրակե մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը: Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ: 

--00—ԼՄ